Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԺԱՆԻ ՋՈՒԹԱԿԸ ՍԵՐ Է ՃԱՌԱԳՈՒՄ, ԺԱՆԸ ՋՈՒԹԱԿԻ ՀՈԳԻՆ Է

ԺԱՆԻ ՋՈՒԹԱԿԸ ՍԵՐ Է ՃԱՌԱԳՈՒՄ, ԺԱՆԸ ՋՈՒԹԱԿԻ ՀՈԳԻՆ Է
07.10.2011 | 00:00

Շառլ Ազնավուրին, Ժան Տեր-Մերկերյանին և այլ մեծերի մտաբերելիս ակամա հիշում եմ բանաստեղծի այն միտքը, թե աշխարհը ճեղքվել է` բաժանվել երկու մասի, և ճեղքն անցնում է պոետի սրտի միջով: Հիրավի, ճեղքն այդ անցնում է և՛ Շառլի, և՛ Ժանի սրտով, քանզի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ նախնիների այդ շառավիղներն իրենց կիսված սրտում, կորսված դրախտի տեսիլքով, ամբողջացնում են Հայաստանը` Շառլն իր երգով, Ժանն իր նվագով, հնչյունների «յոթնարփեան» ծիածանով կամարակապում, փնջում Սփյուռքը` մայր Հայաստանին, փնջում, քանզի` «Օտարությո՛ւն, դու փուշ ես, այլ Հայրենի՛ք, դու վարդ ես» (Մ. Պեշիկթաշլյան)։
2011-ին լրանում է Ժան Տեր-Մերկերյանի ծննդյան 75-ամյակը, սակայն կարելի է ասել, որ նա 5000 տարեկան է` Մարտիրոս Սարյանի «օրացույցով», չէ՞ որ վարպետն ասում էր. «Ես 5000 տարեկան եմ, նույն տարիքն ունի և Արամ Խաչատրյանը. արվեստագետներն իրենց մեջ տեղավորում են իրենց ժողովրդի կենսագրությունը և պատմությունը» (В. Юзефович, Арам Хачатурян, М., 1990, стр. 269):
Ժանի արվեստն անցյալի և ներկայիս մշակույթի յուրովի մի փոխկանչ է: Նրա քնարի բազմերանգ լարերն արձագանքում են Բախին, Մոցարտին, Բեթհովենին, Կոմիտասին, Խաչատրյանին. հնչում է մի ամբողջ քաղաքակրթություն: Ջութակահարի իր հաղթարշավը Ժանն սկսել է որպես հրաշամանուկ և ամբողջ կյանքում պահպանել հանճարին բնորոշ մանկական անմիջականությունն ու հրաշագործելու շնորհը: Նա տոհմիկ երաժիշտ է, ծնվել է Մարսելում, մանկավարժ-ջութակահար Երվանդ Տեր-Մերկերյանի ընտանիքում: Առաջին քայլերը կատարել է հոր ղեկավարությամբ և շուտով հասել այնպիսի մակարդակի, որ 10 տարեկանում սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Մենդելսոնի դժվարին կոնցերտը (դիրիժոր` Անդրե Օդոլի): Նույն համերգի ընթացքում Ժանոն նվագել է նաև մի շարք վիրտուոզ պիեսներ: 1947-ին Տեր-Մերկերյանի ընտանիքը ներգաղթել է Հայաստան: 1954-58 թթ. Ժանը սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Կարպ Դոմբաևի դասարան), ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1960) և ասպիրանտուրան (1963 թ., Դավիթ Օյստրախի ղեկավարությամբ), 1964-79 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ժանը Խորհրդային Հայաստանի առաջին ջութակահարն էր, որն արժանացել է միջազգային մրցույթի դափնեկրի կոչման: Դա 1956 թվին էր, Պրահայում` Յ. Սլավիկի և Ֆ. Օնդրժիչեկի անվան մրցույթում (2-րդ մրցանակ): Մասնակցել է նաև 1958-ին Պ. Չայկովսկու (Մոսկվա, 1-ին կարգի դիպլոմ), Մարգարիտ Լոնգի և Ժակ Տիբոյի (Փարիզ, 1961, 1-ին մրցանակ), Եղիսաբեթ թագուհու անվան (Բրյուսել, 1963, 9-րդ մրցանակ) միջազգային մրցույթներին:
1971 թ. ջութակահարին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, իսկ 1977-ին` ՀՀ պետական մրցանակ: Եվ այսքան նվաճումներից հետո սահմանափակում էին ոչ միայն Ժանի համերգային, այլև մանկավարժական գործունեությունը ոչ միայն Մոսկվայից, այլև Երևանում: Մեծ դերասան Պետրոս Ադամյանն ասում էր, թե «ամեն Աբել յուր Կայենը միշտ ունի», այսինքն` «ամեն Մոցարտ` յուր Սալիերին»: Սալիերիներ կային և կոնսերվատորիայում, այլ կերպ այդքան տիտղոսների տեր ջութակահարին «բարեհաճեցին» ընդամենը դոցենտի կոչում տալ` միայն 14 տարի աշխատելուց հետո: Մինչդեռ այդ ժամանակաշրջանում էր, որ Ժանը մեզ պարգևեց այնպիսի հրաշալի ջութակահարի, որպիսին Արտաշես Մկրտչյանն է: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա հատկանշական է Արամ Խաչատրյանի խոստովանությունը, որի մասին տեղեկանում ենք արվեստաբան Շահեն Խաչատրյանի հոդվածից: Ահավասիկ. «1969-ին, գալով Երևան, սովորության համաձայն, Արամ Խաչատրյանն այցելեց Սարյաններին... Տիկին Լուսիկը նրան հարցրեց.
-Արամ ջան, ինչո՞ւ մեր Ժանին հետդ չես տանում արտասահման:
-Սիրելի Լուսիկ Լազարևնա, Ժանը հրաշալի ջութակահար է, նա հիանալի նվագեց իմ կոնցերտը Լենինգրադում: Այժմ նա այդ ստեղծագործության լավագույն կատարողն է: Սակայն իր մասնակցությունն իմ արտասահմանյան հյուրախաղերում ինձնից չի կախված, այլ «Գոսկոնցերտից» (“Элитарная газета”, 29. 11. 2005): Չմոռանանք, որ այս բարձր գնահատականը Ժանին տրվել է այն ժամանակ, երբ իրենց ծաղկումն էին ապրում մեծ ջութակահարներ Դավիթ Օյստրախը և Լեոնիդ Կոգանը, ովքեր Ա. Խաչատրյանի դիրիժորությամբ կատարել և ձայնագրել էին իր անմահ կոնցերտը:
Ելնելով ստեղծագործական անբավարարվածությունից և խստապահանջությունից, Ժանը չէր սիրում հատուկ ձայնագրվել, «քարացնել» իր նվագը, Ֆաուստի պես ասել` «Կա՛նգ առ, ակնթարթ»։ Նա մշտապես վերելքի ճանապարհին էր։ Սակայն համերգային և ռադիոհաղորդումներում կիրառված որոշ ձայնագրություններ պահպանվել են ու թողարկվել խտասալիկներով` շնորհիվ Շահեն Խաչատրյանի ջանքերի և նվիրումի։ Վերջինիս կարծիքով, մի շարք ձայնագրություններ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով ոչնչացվել են։ Փառք Աստծո, այժմ ունենք Բրամսի կոնցերտի համերգային ձայնագրությունը Ժանի և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր` Արթուր Ֆիդլեր), Խաչատրյանի կոնցերտը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Միքայել Մալունցյան), ինչպես նաև ջութակահարների երազանք` Բախի անմահ «Չակոնան», Կոմիտասի «Կռունկը», Մոցարտի «Ռոնդոն», Սարասատեի պիեսները և այլն։ Ցավոք, դրանց զգալի մասը ձայնադարանում աչքաթող էր արված և անխնամ վիճակում էր։
Հիշյալ և անթիվ այլ խոչընդոտներից դրդված, 1981-ին Ժանը ստիպված եղավ վերադառնալ իր ծննդավայր Մարսել, և մինչ օրս ապրում է այնտեղ, դասավանդում տեղի կոնսերվատորիայում, որպես ժյուրիի անդամ` հանդես գալիս տարբեր միջազգային մրցույթներում։ Ջութակահարը շարունակում է կատարելագործվել և կատարելագործել ուրիշներին, հավատարիմ մնալ իր սկզբունքներին. «Կատարելությունը նման է հորիզոնին, որքան մոտենում ես, այնքան հեռանում է», «Չափի զգացումն աստվածային հատկություն է», «Ի վերուստ օժտվածը ծաղկի պես է, որը կարող է նույնիսկ ասֆալտը ծակել ու փթթել»... Ժանի երկրպագուներն իրենց սերը փոխանցում են սերնդեսերունդ։ Այսօր կանողներ, ովքեր չեն տեսել մաեստրոյին, սակայն իրենց ջութակի պատյաններում պահում են Ժանի ջութակով լուսանկարը, բազմացնում և նվիրում ընկերներին։
Հայաստանում ապրած վերջին տարիներին ջութակահարի հակասական վիճակն ավելի էր սրվում, մի կողմից` նրա գործունեության, ստեղծագործական թռիչքի ասպարեզը նեղանում էր, մյուս կողմից` ավելի էր բորբոքվում նրա երկրպագուների սերը: Ժանի յուրաքանչյուր համերգ տոն էր, ոգու հաղթանակ: Նա այն եզակի և անկրկնելի արվեստագետներից է և այժմ էլ կա, որոնց համերգներին կարոտում էինք: Այս մասին վկայում են նաև մամուլում տեղ գտած անկեղծ, հիացական հոդվածները: Ժանի նվագով ներշնչված վերնագրերն արդեն իսկ բնութագրում են ջութակահարին:
«Ջութակը խոսեցնելու արվեստը» (Անահիտ Ցիցիկյան), «Ամենայն հայոց ջութակահարը», «Անսպառ Բեթհովեն, անսպառ Ժան», «Երկնի կաթիլ երկրի վրա» (Դանիել Երաժիշտ), “Певец скрипки” (Светлана Саркисян, доктор искусствоведения) և այլն:
Մեջբերենք մի քանի գնահատական:
«Չայկովսկու Կոնցերտը 20 տարեկանում այսքան նրբորեն և վարպետորեն կատարելը բացառիկ երջանկություն է» (Դավիթ Օյստրախ):
«Ահա թե ինչ է ասել իր կրտսեր արվեստակցի մասին հռչակավոր ջութակահար Զինո Ֆրանչեսկատին. «Ես հիացած եմ սքանչելի ջութակահար Ժան Տեր-Մերկերյանով: Նրա մեղեդայնությունը և երաժշտականությունը կատարյալ են: Նա մեծ արտիստ է»: Ցանկալի է մեջբերել Դանիել Երաժիշտի խոսքերը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթից. «Միջերկրածովային արվեստի նրբագեղությունը և Արարատյան աշխարհի վեհությունը խարսխված են մոսկովյան ջութակի դպրոցի ամուր վեմին: Հենց դա է Ժան Տեր-Մերկերյանի արվեստի անկրկնելիությունը» (Шаэн Хачатрян, Он заставляет затаить дыхание, “Элитарная газета”, 29.11.2005):
«Ժանի փայլուն վիրտուոզությունը չի առանձնանում, այլ տարրալուծվում է կատարվող գործի բովանդակության մեջ, ինչպես գույնը և բույրը վարդի թերթիկներում» (Դանիել Երաժիշտ, Հայաստանի Հանրապետություն, 24.06.1998):
«Զմայլված բազմության ծափերը, թվում է, չէին դադարի, եթե ջութակահարը ծրագրից դուրս չնվագեր Բախի թիվ 2 Պարտիտի «Սարաբանդան», որը հնչեց իբրև խոստովանանք: Եվ ջութակի լարերի միջով մեզ փոխանցվեց վաղնջական ժամանակների անմար լույսը` այնքան պայծառ, որ փարատեց համերգասրահի խավարը (էլեկտրական հոսանքն առավոտից անջատված էր, և բեմը մի կերպ լուսավորվում էր. այսպես կոչված, «դվիժոկի» աղոտ լույսով) (Դանիել Երաժիշտ, «Քրիստոնյա Հայաստան», 2001, նոյեմբեր, թիւ 21):
«Ժան Տեր-Մերկերյանը հայ ջութակի արվեստի կենդանի լեգենդ է... Նշենք Բեթհովենի կոնցերտի 2-րդ մասը, որը ցնցեց լսողներին: Այն հնչեց իբրև ապաշխարություն, երբ մի պահ բացահայտվում է ճշմարտությունը» (Светлана Саркисян, Эфир, 3.11.2005):
«Ես հնարավորություն չէի ունենալու ժամանակի մեքենայով ճանապարհորդելու դեպի անցյալը` ունկնդրելու այնպիսի լեգենդար երաժիշտների, ինչպիսիք էին Սարասատեն, Իզային, Կրայսլերը, եթե չլիներ հանճարեղ, միստիկ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը... Բախի, Բեթհովենի, Բրամսի, Սիբելիուսի, Խաչատրյանի և այլոց գլուխգործոցների նրա կատարումները դարձան անկրկնելի օրինակ Ժանի զմայլված ունկնդրի հոգու տաճարում» (երգիչ-ջութակահար Գևորգ Հունանյան):
Ըստ Լեոպոլդ Աուերի` նվագողի պարծանքը հնչյունն է: Եվ հենց հնչյունի մեջ են Ժանի զորությունն ու գաղտնիքը: Խաչվող աղեղի և լարերի հպման «ոսկե միջինն» է, որ տարբերում է Ժանին շատ շատերից: Արևելքում օրինակ են բերում առյուծին, որն իր ձագերին ծոծրակից ատամներով բռնած տանում-բերում է, բայց այնպես, որ ձագը ո՛չ խեղդվի, ո՛չ էլ ընկնի: Ահա այս «ոսկե միջինի» մասին է խոսքը, որ նույնն է, ինչ չափի զգացումը: Ժան Տեր-Մերկերյանի հնչյունի մեջ նյութը վերածվում է ոգու, ինչպես կասեր բանաստեղծ Ֆիլիպ Սիդնին, իրականության «պղինձը» փոխակերպվում է արվեստի «ոսկու»:
Այստեղ կանգ առնենք, քանզի ինչպես կատարելությունն է հեռացող հորիզոն, այնպես էլ կատարելության բանաձևումը խոսքի միջոցով:
Թեպետ Մոցարտի մասին հազարավոր էջեր են գրված, սակայն, ըստ Գեորգի Չիչերինի. «Ոչ ոք չի տվել Մոցարտին բնութագրող ավարտուն բանաձև, բայց հաջողված է Մերսմանի հետևյալ բանաձևը. նա նշում է Մոցարտի «նյութական հնչողության» փոխակերպումը «սիմվոլիկ հնչողության»... Մոցարտի նպատակն է ինքնարտահայտման փոխակերպումը հնչողության, ներանձնականի և եզակիի վերածումը համընդհանուրի, մարդու վերափոխումը երաժշտության» (թ. ճՌփպՐՌվ, ԾՏՓՈՐՑ, խ., 1979, րՑՐ. 143): Զարմանալիորեն համահունչ է գերմանացի երաժշտագետի այս գաղափարին պրոֆեսոր Արամ Շամշյանի հետևյալ գնահատականը։ Կոմիտասի «Ախ, մարալ ջան» երգի` ջութակի համար իր փոխադրության կատարման առիթով Շամշյանն ասել է. «Ժանն ինքը «Մարալն» է, Ժանը ջութակի հոգին է»։
Այդպիսին է Ժան-մարդը, Ժան-արվեստագետը, այդպիսին է Ժան-երաժշտությունը:
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 3520

Մեկնաբանություններ